Uncategorized

Հաղպատ և Սանահի

Հաղպատի վանական համալիր

Հաղպատ, Հաղբատի վանք, միջնադարյան Հայաստանի հոգևոր, մշակութային և գիտաուսումնական խոշոր կենտրոն, վանքային համալիր։ Գտնվում է Հայաստանի Լոռու մարզի Հաղպատ գյուղի հարավարևելյան բարձրադիր մասում։ Սանահինի վանքային համալիրի հետ միասին հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ

Անվանում

Հաղպատ անվանման հետ կապված են բազմաթիվ լեգենդներ, նրանցից մեկի համաձայն Սանահինի իշխաններից մեկը հրավիրում է իր մոտ ճանաչված մի վարպետի՝ վանք կառուցելու համար։ Վարպետը ներկայանում է իշխանին որդու հետ։

Աշխատանքի ընթացքում վեճ է առաջանում հոր և որդու միջև։ Ենթավարպետներից մեկը բռնում է որդու կողմը։ Այսպես, կռվելով հոր հետ, որդին թողնում է աշխատանքը, վեր է կենում և հեռանում։ Ճանապարհին, մի ուրիշ իշխան վարձում է նրանց՝ իր վանքը կառուցելու պատվերով։ Երբ որդու բարձրացրած պատերը հասնում են այնքան, որ տեսանելի են դառնում Սանահինից, աշխատավորները հաղորդում են դրա մասին ծեր վարպետին։ Ոչ աշխատանքային օրը նա որոշում է այցելել որդու շինարարությունը, մոտենում է կիսասարք վանքի պատին և երկար զննում այն։ Բոլորը լուռ սպասում էին ծեր վարպետի գնահատականին։ Վերջապես, նա հրեց շարվածքի քարը և ասաց. «Ախ պատ»։ Այստեղ հայր և որդի գրկախառնվեցին և հաշտվեցին։ Իսկ վանքին մնաց «Հաղպատ» անվանումը։

Պատմություն

Սմբատ և Կյուրիկե թագավոր-եղբայրների բարձրաքանդակը Հաղպատի վանական համալիրում
Վանքի առաջին՝ Սուրբ Նշան եկեղեցին և միաբանությունը 976 թվականին հիմնադրել են Աշոտ Գ Բագրատունի թագավորը և նրա կին Խոսրովանույշը՝ իրենց որդիներ Կյուրիկեի (Գուրգենի) և Սմբատի արևշատության համար։ Հիմնադիր վանահայրն է եղել Սիմեոնը, որը Տիրանուն երեցի հետ ղեկավարել է եկեղեցու շինարարությունը (ավարտը՝ 991 թվականին) և հիմնել վանքի հոգևոր դպրոցը։ Սանահինի վանքից և այլ վայրերից հրավիրվել են գիտնական և ուսուցիչ վանականներ, և շուտով Կյուրիկյան թագավորության այս երկու վանքերում միաբանների ընդհանուր թիվը հասել է 500-ի։ 11-րդ դարի 1-ին քառորդում Սուրբ Նշան եկեղեցու հյուսիսային պատին կից կառուցվել են երկու մատուռ-տապանատներ (1005-1020), Սուրբ Գրիգոր եկեղեցին (1005) և վանքի նախնական պարիսպը։ 11-րդ դարում կառուցվել է նաև գրատունը, որի փայտե ծածկը հետագայում վերաշինվել է քարով։

Սանահինի վանական համալիր

Սանահինի վանքային համալիր, միջնադարյան հոգևոր, մշակութային և գիտակրթական նշանավոր կենտրոն Մեծ Հայքի Գուգարք նահանգի Տաշիրք գավառում, այժմ՝ Հայաստանի Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասում (նախկին Սանահին գյուղ), Դեբեդ գետի աջափնյա բարձրադիր սարավանդի վրա։
Ըստ ժողովրդական ստուգաբանության՝ «Սանահին» նշանակում է սա նրանից (Հաղպատից) հին, նաև՝ սան-հին, հին կաթսա։

Պատմություն՝

Վանական համալիրի առաջին՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 10-րդ դարի 30-40-ական թվականներին Աբաս Ա Բագրատունի թագավորի օրոք։ 966 թվականին Աշոտ Գ Ողորմած թագավորն ու Խոսրովանույշ թագուհին կառուցել են Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին՝ իրենց որդիներ Կյուրիկեի և Սմբատի արևշատության համար, հիմնադրել են միաբանություն և բարձրագույն կարգի հոգևոր դպրոց, հրավիրել եկեղեցականներ, գիտնական վարդապետներ, գրիչներ։ Հիմնադիր վանահայրն էր Պոլիկարպոսը, որին հաջորդել է վարդապետ գիտնական Հովհաննեսը։

Խաչքարեր

Շուրջ 50 խաչքար է պահպանվել վանքի և շրջակա տարածքում։ Պատմական արժեքով ու գեղարվեստական մշակմամբ առավել նշանավոր են Գրիգոր Տուտեորդու խաչքարը կանգնեցված 1184 թվականին, Սուրբ Հարություն եկեղեցու հյուսիսային պատի տակ, և ամիրայությունների դեմ մղվող պատերազմի զոհերից մեկի՝ Սարգսի գերեզմանի վրա 1215 թվականին կանգնեցված խաչքարը՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու գավթի արևմտյան պատին կից։
Պահպանվել են 10-19-րդ դարերը ընդգրկող շուրջ 190 վիմագրեր։ Դրանցից 19-ն ունեն շինարարական բնույթ (մինչև 1225 թվականը), մյուսները բովանդակում են թագավորական, իշխանական հրովարտակներ, աղոթքներ, հիշատակագրեր, վանքին նվիրատվությունների վերաբերյալ տեղեկություններ։

Վանքի կառուցողները հայր ու որդի են եղել։ Հայրը պատերն է շարել, իսկ որդին՝ քար կտրել ու տաշել։ Վանքը չավարտած՝ որդին մեռնում է։ Առանց սկալաները քանդելու հայրը թողնում, հեռանում է։ Ժամանակ անց նա օտարության մեջ հանդիպում է մի շնողեցու և հայտնում վանքի սկալաները քանդելու գաղտնիքը։ Շնողեցին գալիս է Սանահին, վարպետի ասած ձևով քանդում վանքի սկալաները և մեծ փող ստանում դրա համար։

Leave a comment