Uncategorized

Հայկական ամանորյա ավանդույթները

Ամանորը Հայաստանում, Հայաստանում ապրող հայերի կողմից Ամանորը նշելու կարգը։

Հայերն այդ տոնը նշում են անհիշելի ժամանակներից սկսած։ Մեր հները Ամանորն անվանել են նաև այլ անուններով. Նավասարդ, Տարեմուտ, Տարեգլուխ, Կաղանդ, Լոլե, Նոր տարի։ Հազարամյակների ընթացքում տոնը նշելու ժամանակը փոփոխվել, հետ ու առաջ է ընկել։ Խոր անցյալում հայոց նախնիները Ամանորը տոնել են գարնան զարթոնքին Արեգ ամսին մարտի 21-ի գիշերահավասարի օրը։ Դա պատահական ընտրություն չէր. հայը նոր տարվա հաջողությունն ու բերքառատ լինելը կապել է գարնան զարթոնքի հետ, հնագույն ժամանակներից արեգակնատենչիկ կոչվող հայերն Ամանորը նշել են հենց Արեգ ամսի Արեգ օրը։ Ամենևին էլ զարմանալի չէ, որ հայկական տոմարով բոլոր ամիսների առաջին օրը կոչվում էր Արեգ։

Հին ժամանակներում, երբ Սանտա Կլաուսն ու Ձմեռ պապը դեռեւս Հայաստան չէին հասել, մեր նախնիները Նոր տարվա տոնը մեր պես չէին նշում։ Սակայն, «օտար» ձմեռային հրաշագործների բացակայության պատճառով Հայաստանում ամենեւին էլ տխուր չի եղել։

Հին առասպելի համաձայն հենց հունվարին է բնության աստված Ամատուրը սեր խոստովանել իր ապագա կնոջը՝ Ամանորին, ում պատվին էլ նոր տարվա տոնն անուն է ստացել։ Հետաքրքիր է, որ խոստովանության հետ մեկտեղ Ամատուրն իր սիրելիին խնձոր է նվիրել։ Եւ, ըստ ավանդույթի, ամանորյա գիշերը մարդիկ ներում էին միմյանց բոլոր վիրավորանքներն ու խնձոր էին նվիրում։ Հին հայերը երբեք տոնածառը փայլազարդերով չեն զարդարել։

Ընդունված է եղել կլոր գաթա թխել, որի կենտրոնում զեյթունի ճյուղ էին ամրացնում ու վրան չրեր ու ընկույզ էին կախում։ Հետո, երբ ճյուղից կախված հյուրասիրությունները վերջանում էին, ընտանիքի յուրաքանչյուր անդամ դրա վրա իր մազն էր կապում ու ճյուղը նետում էին թոնիրը, որպես ընտանիքի բոլոր անդամների երկարակեցության երաշխիք։ Իսկ փայլերով զարդարված տոնածառի փոխարեն հայուհիները չորացած խոտերից ու բույսերից ավանդական ծառ էին սարքում։

Մեր նախնիները նոր տարվա գիշերը սիրում էին իմանալ, թե ինչպիսին կլինի եկող տարին։ Այդպիսի «գուշակությունների» համար հարցի օբյեկտի ձեւով հատուկ բլիթներ էին թխվում. եթե հերաքրքրում էր ֆինանսական հարցը, ապա բլիթը թխում էին քսակի տեսքով, եթե տնային կենդանու առողջության մասին՝ կովի տեսքով եւ այլն։ Եթե խմորը բարձրանում էր, նշանակում է տվյալ հարցում հաջողություն էր սպասվում։ Եւս մեկ հետաքրքիր հայկական սովորույթ էր սկսվում հունվարի մեկի գիշերը։ Տանտերը անտառից կոճղ էր բեերում տուն, եւ մինչեւ Սուրբ ծննունդ տուն եկած յուրաքանչյուր հյուրը կոճղից կարող էր մի կտոր պոկել, այն գցել կրակի մեջ ու երազանք պահել։

Leave a comment