Կենսաբանություն 9

Մենդելի առաջին օրենքը

Մենդելի առաջին օրենքն իրենից ներկայացնում է առաջին սերնդի միակերպության կանոնը։ Եթե խաչասերվող օրգանիզմները միմյանցից տարբերվում են մեկ հատկանիշով, ապա այդպիսի խաչասերումը կոչվում է միահիբրիդային խաչասերում:Այսպիսով, միահիբրիդային խաչասերման ժամանակ ուսումնասիրվում է միայն մեկ հատկանիշ։ Միահիբրիդային խաչասերման առաջին սերնդում առաջացած օրգանիզմների ձևերը բոլորը միմյանց նման են և նման են դոմինանտ ծնողին։ Հիդրիդացումը երկու օրգանիզմների խաչասերումն է։ Զույգ առանձնյակների խաչասերումից առաջացած սերունդը անվանում են հիբրիդային, իսկ առաջացած օրգանիզմը ՝ հիբրիդ։

Ժառանգականության օրինաչափությունների վերլուծությունը Մենդելը սկսեց միահիբրիդային խաչասերումից, այսինքն խաչասերելու համար վերցնում էր միայն մեկ հատկանիշով տարբերվող ծնողական ձևեր։ Որպես հատկանիշ վերցրեց ոլոռի սերմերի գույնը, որպես հատկանիշի հակադիր տարբերակներ ՝ դեղին և կանաչ գունավորմամբ։ Մենդելի փորձում դեղին և կանաչ ոլոռների խաչասերումից առաջացած հիբրիդները դեղին էին։ Նույն արդյունքները ստացվեցին նաև այն ժամանակ, երբ Մենդելը խաչասերեց հարթ և կնճռոտ մակերևույթ ունեցող ոլոռներ։

Առաջացած բոլոր ոլոռներն ունեին հարթ մակերևույթ։ Այս արդյունքի հիման վրա Մենդելը սահմանեց իր առաջին օրինաչափությունը, որը կոչվեց Մենդելի առաջին օրենք։ Հիբրիդային օրգանիզմներում ծնողական ձևերից մեկի հատկանիշի գերակշռման երևույթը Մենդելն անվանեց դոմինանտություն։ Նա անվանեց դոմինանտ հատկանիշի այն դրսևորումը կամ այն հատկանիշը, որը «քողարկում էր» հակադիր հատկանիշի դրսևորումը։

Արտաքուստ անհետացող հակադիր հատկանիշները կոչվեցին ռեցեսիվ։ Հատկանիշի դոմինանտ ալելային գենը ընդունված է նշանակել լատինական մեծատառով, իսկ ռեցեսիվը ՝ փոքրատառով։

Leave a comment