Uncategorized

Թռչյուններ

Արտաքին կառուցվածք

Թռչունների մաշկը բարակ է, զուրկ է գեղձերից, բացառությամբ պոչուկային գեղձը, որը լավ է զարգացած հատկապես ջրալող թռչունների մոտ։ Այդ գեղձի արտադրանքով թռչուններն օծում են իրենց փետուրները և չեն թրջվում։ Ծնոտները ձևափոխվել են եղջերավոր կտուցի, որ կազմված է վերնակտուցից և ենթակտուցից։ Կտուցի ձևը և մեծությունը տարբեր թռչունների մոտ տարբեր է և համապատասխանում է նրանց սնման առանձնահատկություններին։ Կտուցի միջոցով թռչունները կեր են հայթայթում, բույն կառուցում, պաշտպանվում են թշնամիներից։ Վերնակտուցի հիմքում գտնվում են քթանցքերը։ Թռչուններն ատամներ չունեն, որը թեթևանցնում է գլուխը և նպաստում է թռիչքին, բայց կան որոշ գիշատիչ տեսակներ որոնք իրենց վերնակտուցում ունեն մեկ ատամ, որը նրանց օգնում է սնունդը պատառոտել։ Գլխի կողքերին տեղավորված են խոշոր աչքերը։ Աչքերը, բացի վերին և ստորին կոպերից, ունեն նաև երրորդ կոպ՝ թարթող թաղանթ։ Գլխի վրա են գտնվում նաև լսողական անցքերը։ Թռչունների մարմինը ծածկված է փետուրներով, իսկ ոտքի ստորին մասը՝ կրնկաթաթը և մատները, զուրկ են փետուրներից, ծածկված են եղջերային թեփուկներով, մատների ծայրերն ունեն ճանկեր։

Փետուրներն ըստ կառուցվածքի և կատարած ֆունկցիայի բազմազան են։ Տարբերում են ուրվագծային փետուրներ, աղվափետուրներ և բմբուլ։

Թռչունները բաժանասեռ կենդանիներ են։ Լավ է արտահայտված սեռական դիմորֆիզմը, արուներն ավելի խոշոր են և ունեն վառ գունավորում։ Արուների սեռական համակարգը կազմված է սերմնարաններից և սերմնատարներից, որոնք բացվում են կոյանոցի մեջ։ Էգերի սեռական համակարգը կազմված է ձախ ձվարանից և ձվատարից։ Աջ ձվարանը և ձվատարը զարգացած չեն, ինչը թեթևացնում է թռչունների մարմինը և նպաստում թռիչքին։ Ձվադրման շրջանում բոլոր ձվերը միաժամանակ չեն հասունանում։

Թռչունների բեղմնավորումը ներքին է։ Այն տեղի է ունենում ձվատարի սկզբնամասում։ Բեղմնավորված ձվաբջիջն ընկնում է ձվատարի մեջ և ձվատարի պատերի կծկումների շնորհիվ շարժվում է դեպի կոյանոց։ Ձվատարի պատերը հարուստ են գեղձերով։ Դրանով անցնող ձուն ծածկվում է սպիտակուցի հաստ շերտով և այլ թաղանթներով։ Բեղմնավորումից հետո սկսվում է սաղմի զարգացումը։ Ձվի կենտրոնում գտնվում է դեղնուցը։ Դեղնուցի վերին մասում գտնվում է սաղմնային սկավառակը։ Դեղնուցը ձվի թաղանթին ամրացած է կախաններով։ Դեղնուցի ստորին մասն ավելի ծանր է և կախանների մասնակցությամբ սաղմնային սկավառակը միշտ գտնվում է վերևում։ Դեղնուցն իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ պաշարանյութեր, որոնք անհրաժեշտ են սաղմի զարգացման համար։ Դեղնուցին շրջապատում է սպիտակուցի հաստ շերտ, որը ծածկված է ենթակճեպային թաղանթով և կրային կճեպով։ Ենթակճեպային թաղանթը ձվի բութ մասում կճեպից մասամբ հեռացած է և առաջացնում է օդախորշ։ Սպիտակուցային թաղանթը պաշտպանում է սաղմը և համարվում է ջրի պաշար։ Կճեպը ծակոտկեն է, որի միջով տեղի է ունենում գազափոխանակություն սաղմի և միջավայրի միջև։ Կճեպն արտաքինից ծածկված է նուրբ վերկճեպային թաղանթով, որը ձուն պաշտպանում է մանրէների թափանցումից։ Ձվադրումից առաջ շատ թռչունների ձվեր ձվատար խողովակում ծածկված են ներկանյութով։ Թռչունների ձվերի գույնը բազմազան է։