Գրականություն 9

Կարդում ենք Թումանյան 

Բալլադ– Բալլադը քնարա-վիպերգական բանաստեղծություն է, որի մեջ ավանդական, պատմական կամ այլ թեմայով ստեղծված սյուժեն ծավալվում է հեղինակի հույզերի և խոհերի բացահայտմանը զուգընթաց։

Պոեմ– Պոեմ, չափածո մեծածավալ ստեղծագործություն, որի տարբեր մասերը միավորվում են սյուժեի կամ կերպարի ընդհանրությամբ։ Պոեմը չափածո բոլոր գրական ժանրերից ամենամեծն է իր ծավալով և ընդգրկումներով։ Նրան հատուկ են թե՛ վիպերգական, թե՛ քնարական հատկանիշներ։

«Փարվանա արքան մի աղջիկ ուներ», չնաշխարհիկ, աննման գեղեցկությամբ մի աղջիկ։ Նրա ցանկությամբ արքան հրավիրում է Կովկասի բոլոր կտրիճներին՝ մրցությամբ իրենց ուժն ու շնորքը փորձելու աղջկա ներկայությամբ, որպեսզի տեսնի, թե նրանցից ով կարող է արժանի լինել իր աղջկա սիրուն։ Աղջիկը, սակայն, ճարպկության մրցությունն էլ չի համարում ճիշտ միջոց իրեն անկեղծորեն սիրող երիտասարդ գտնելու, ընտրելու համար։ Մրցության եկած կտրիճներն աղջկան առաջարկում են «գանձ, ոսկի, արծաթ, անգին քարեր ու գոհարներ»: Բայց աղջիկը նման ոչ մի պայման չի ընդունում։ Իր ապագա կողակցից նա պահանջում է գտնել ու բերել սիրո անշեջ հուրը և այդ պայմանը կատարելու համար կտրիճները թռչում են աշխարհի չորս կողմը՝ փնտրելու և բերելու այն։ Աղջիկը սպասում է կարոտով, բայց ոչ մի կտրիճ չի կարողանում բերել երջանիկ սիրո անշեջ հուրը։

Այսպես երկար սպասելով՝ աղջկա հույսը մարում է, նա սկսում է լաց լինել, և նրա արտասուքից գոյանում է մի լիճ, որը ծածկում է քաղաքն ու ամրոցը։ Դա հայտնի Փարվանա լիճն է Վրաստանի Ջավախեթիի շրջանում։ Իսկ անշեջ հուրը փնտրող կտրիճները վերածվում են թիթեռների և մինչ օրս հուր և կրակ տեսնելով նետվում են նրա մեջ, որպեսզի տանեն Փարվանա գեղեցկուհու մոտ, բայց անմիջապես ոչնչանում են։

Leave a comment