Uncategorized

Արցախ

Արցախ . Մեծ Հայքի տասներորդ նահանգը, տարածված էր Փոքր Կովկասի արևելյան և Հայկական Լեռնաշխարհի հյուսիսարևելյան մասում։ Ընդգրկում էր այժմյան Արցախի Հանրապետությունը՝ հարակից ազատագրված տարածքներով, և ձգվում էր մինչև Իջևանի շրջանը։ Հյուսիս-արևելքից և արևելքից սահմանակցում էր Ուտիք նահանգին, արևմուտքից, Աղավնո գետակով՝ Սյունիքին։ Հյուսիս-արևմուտքում Արցախի սահմանները ձգվում էին Սևանա լճի արևելյան ափով, հարավից՝ Երասխի հովտով մինչև Մուխանք դաշտը՝ ընդգրկելով այդ դաշտի արևմտյան կեսը։Առաջին անգամ հիշատակվում է Ք․ ա․ 8-րդ դ․ վանյան սեպագիր արձանագրություններում Ուրտեխե (Որտեխե) ձևով, որն էլ ավելի ուշ դարձել է Արցախ (անտիկ պատմիչների մոտ՝ Օրխիստենե)։Արցախի նախարարությունը կոչվել է նաև Ծավդեացվոց կամ Ծավդեից իշխանություն, իշխանանիստ Ծավդք (Զոդ) ավանի անունով։ Առանշահիկների թագավորության շրջանում՝ Դյութական ավանը դարձել է նահանգի կենտրոնը։ Հետագայում նահանգի գլխավոր քաղաքն է եղել Փառնես (Փառիսոս) բերդավանը, Հայկական Փառիսոսի Թագավորության օրերին (X-XI դդ)։։

Պատմական տեղեկանք

Հնագույն ժամանակներից սկսած նահանգի բնակչությունն զբաղվել է հացահատիկային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ և շերամապահությամբ։ Ամբողջ արևելքում հայտնի էին Արցախում բուծվող ձիերը, որոնք աչքի էին ընկնում դիմացկունությամբ և արագավազությամբ։Արցախի նախարարական տունը սերվել է Հայկ նահապետի ժառանգ Սիսակից։ Արցախի առաջին եպիսկոպոս Գրիգորիսը խոշոր դեր է խաղացել Արցախի և Ուտիքի բնակչության քրիստոնեացման գործում։ 5-րդ դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցը և իր աշակերտները Արցախում տարածել են հայերեն գիրն ու դպրությունը և պայքարել հեթանոսության մնացորդների դեմ։

Leave a comment