Աշխարհագրություն 9

Արդյունաբերության այլ ճյուղեր

Նախորդ դասերին դուք ծանոթացաք արդյունաբերության հիմնական ճյուղերին, որոնք որոշում են մեր երկրի տեղն աշխատանքի միջազգային բաժանման մեջ: Ամեն մի երկիր ունի նաև օժանդակ և տեղական նշանակության արդյունաբերության ճյուղեր, որոնք հիմնականում աշխատում են երկրի ներքին պահանջները բավարարելու համար և սպասարկում են հիմնական ճյուղերին: ՀՀ-ում այդպիսիք են շինանյութերի, ապակու-հախճապակու և փայտամշակման արտադրական ճյուղերը:
Շինանյութի արդյունաբերություն: ՀՀ տնտեսության առաջատար ճյուղերից է շինարարությունը,, որի պահանջները տարատեսակ շինանյութերի նկատմամբ տարեցտարի աճում են:
Հայտնի է, որ զանգվածային կիրառություն ունեցող տեղական շինանյութեր (շինարարական քար, ավազ, կավ) կան գրեթե ամենուրեք: Ընդ որում` դրանք մեծածավալ են և ոչ տրանսպորտահարմար: Ուստի և դրանց արտադրության ծավալը հիմնականում կախված է տեղական պահանջներից և սովորաբար արտահանման նպատակ չի հետապնդում:

Leave a comment